Ազգագրության և արհեստագործության տուն

ՀՀ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը հիմնադրվել է 1937թ. և մինչև 1952թ. կոչվել ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչության Ժողովրդական ստեղծագործության հանրապետական տուն: Հետագայում վերանվանվել և դարձել է Ժողովրդական ստեղծագործության և կուլտուր-լուսավորական աշխատանքի հանրապետական գիտա-մեթոդական կենտրոն: Այսօր այն ներառվել է «Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի»-ի կազմում և շարունակում է աշխատանքները հայ ժողովրդի գեղարվեստական ստեղծագործության տարբեր ժանրերի հավաքման, պահպանման, վերականգնման և զարգացման ուղղությամբ:
Այսօր, երբ կյանքից հեռանում են վարպետ-վիպասացները, հեքիաթասացները, հնագույն երգերի, խաղիկների ասացող-տարածողները, հրատապ է դառնում ազգագրական և գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող ժողովրդական բանարվեստի նմուշներն ընթերցողներին ներկայացնելու խնդիրը:
Վերջին 20 տարիների ընթացքում հավաքվել և կորստից փրկվել են հայ ժողովրդի բանահյուսության ավանդական գանձերը` վիպերգեր, հեքիաթներ, առակներ, առած-ասացվածքներ, ժողովրդի մեջ շրջող անցյալի աշուղների չգրանցված տաղեր, խաղիկներ, անեծքներ ու օրհնանքներ: Այս նյութերը խիստ կարևոր են հայ ժողովրդի ազգագրական տարբեր խմբերի և հատվածների կյանքն ու կենցաղը, հոգեբանությունն ու աշխարհայացը, հավատալիքներն ուսումնասիրելու գործում:
Իր երկարամյա գործունեության ընթացքում ժողովրդական ստեղծագործության կենտրոնը համագործակցել է թե′ հանրապետության, թե′ նրա սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ բանահավաքների հետ: Նրանց բարեխիղճ և հայրենանվեր աշխատանքի շնորհիվ Կենտրոնի շտեմարանում հավաքվել, ամբարվել և պահպանվել են ժողովրդական բանահյուսության տարբեր ժանրերի հրաշալի նմուշներ, ազգային խաղեր և ծեսեր: