Դիլիջանի մասնաճյուղ

   Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է  1979թ.` բանահավաք և գեղանկարիչ  Հ. Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
   Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից մեկն է` կառուցված  XIX դ. վերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին և ծառայել  որպես ամառանոց: 
   Մ. Թումանյանը` Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրը, ծնվել է  1870թ.: Մ. Դոլուխանյան-Թումանյանը ժամանակի աչքի ընկնող հասարակական գործիչներից մեկն էր: Նա  1890-ական թթ. համիդյան կոտորածներից հետո սեփական միջոցներով Դիլիջանում գաղթականների համար  բացում է գորգագործական ֆաբրիկա,  1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ:
   Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրում են Հայաստանին:
Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի  շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի նկարիչներ, երաժիշտներ: Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, ով էլ շենքը վերածեց ժողովրդական արվեստի թանգարանի:
  Թանգարանի  9 ցուցասրահում ներկայացված  են ժամանակակից հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ,  ազգագրական իրեր: